Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման աշխատանքները՝ հիշեցնելով, որ տեղումները սկսվել են առավոտյան ժամը 10-ից և շարունակվել մինչև ուշ երեկո։
Նրա խոսքով՝ «Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն աղով ու ավազով բեռնված ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի՝ 49 մեքենա (37 բազմաֆունկցիոնալ մեծ և 12 փոքր մեքենա)»։
Արեյանը նշել է, որ միաժամանակ մոբիլիզացվել է նաև Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ը։
Նրա փոխանցմամբ՝ աշխատանքները մեկնարկել են մոտ ժամը 12-ին։ «2-3 ժամ հետո պարոն Կատվալյանի կողմից ինձ տրամադրվել է էլեկտրոնային սխեմա, թե որ մեքենան որ հատվածում է գտնվում, և այդպես շարունակվել են աշխատանքները մինչև ուշ երեկո։ Առավոտյան մոբիլիզացվել են նաև կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր ստորգետնյա ու վերգետնյա անցումները, շենքեր ու այգիներ տանող աստիճանները»։
Արեյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ ներգրավվել է 137 միավոր տեխնիկա, որոնցից 107-ը եղել են ԵԱՍՄ հիմնարկի, իսկ 30-ը՝ տարբեր ֆունկցիոնալ կառույցների մեքենաներ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ից այդ երկու օրերի ընթացքում աշխատել է 650 բանվորական ուժ։
«23-լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոց և մշակել բոլոր փողոցները։ Հունվարի 24-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան ու սառույցի ծածկույթից», – ասել է նա։
Խոսելով խնդիրների մասին՝ Արեյանը նշել է, որ հունվարի 23-ին մայրաքաղաքի գրեթե ողջ տարածքում գրանցվել են խցանումներ, սակայն հիմնական դժվարությունները եղել են Կենտրոն վարչական շրջանում։
«Մենք քննարկել ենք ԵԱՍՄ-ի պատճառները։ Իմ կասկածները, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, և դա պայմանավորված է եղել տրանսպորտի երթևեկի ինտենսիվությամբ։ Ուղղակի ԵԱՍՄ մեքենաների մեխանիզմները չեն կարողացել մտնել երթևեկի մեջ, ստիպված ժամը 2-ից հետո դիմել ենք պարեկային ծառայությանը, որը սկսել է մեր մեքենաների համար ճանապարհ բացել, և մեքենաները կարողացել են աղ ու ավազով մշակել փողոցները։ Դա տևել է 6 ժամ՝ ժամը 14:30-15:00-ից մինչև 21:00-21:30 Կենտրոնում։ Ժամը 19:30-20:00-ի դրությամբ ամբողջապես մաքուր է եղել Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին, այդ ժամի դրությամբ խնդիրը դարձյալ մնում էր Կենտրոնում՝ խցանումներ, տևական կանգ», – ասել է նա։
Ի պատասխան բնակչության դժգոհություններին՝ Արեյանը ընդգծել է, որ կատարվել են ինտենսիվ աշխատանքներ, սակայն Կենտրոն վարչական շրջանում առկա խցանումները որոշակիորեն խանգարել են գործընթացին։
Նա տեղեկացրել է նաև. «1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշերը։ Սա այն դեպքում, երբ 10 հազար տոննա ծախսել էինք դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։ Նախորդ տարիներին նույն ժամամակահատվածը հազիվ 5-6 հազար տոննա է եղել, անգամ ինտենսիվ սեզոնում»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...