Իրանը չի ցանկանում պատերազմ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ. արտգործնախարար
Իրանը չի ցանկանում պատերազմ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ։ Այն հանձնառու է բանակցություններին, բայց պատրաստ է ցանկացած զարգացման, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանան կատարած այցի ժամանակ։
Հինգշաբթի օրը Արաղչին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Ժամանումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը հայտարարել է, որ իր այցի հիմնական նպատակը Լիբանանի կառավարության պաշտոնյաների հետ տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ խորհրդակցություններն են։
«Մենք լիովին պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Մենք նաև պատրաստ ենք փոխադարձ օգուտի և հարգանքի վրա հիմնված բանակցությունների։ Երբ ԱՄՆ-ն համաձայնի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ կարող են սկսվել իմաստալից բանակցություններ»,- ասել է Արաղչին իրանական SNN լրատվական գործակալության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։






























