Հույս ունենք, որ Ուկրաինայի հակամարտությունը կկարգավորվի 2026 թվականին․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը հույս ունի՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կկարգավորվի արդեն 2026 թվականին, ինչից հետո հնարավոր կլինի վերանայել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։


Օրբանի խոսքով՝ պատերազմից հետո Եվրամիությունը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։


«Մենք կարծում ենք, որ երբ Ուկրաինայում պատերազմը ավարտվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն»,- ընդգծել է Հունգարիայի վարչապետը։


Նա հիշեցրել է, որ վաղուց են հանդես գալիս ԵՄ պատժամիջոցային քաղաքականության դեմ՝ նշելով, որ այդ քայլերը լուրջ վնաս են հասցնում ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ եվրոպական տնտեսությանը։ Օրբանի գնահատմամբ՝ պատժամիջոցների հետևանքները հատկապես զգալի են էներգետիկ և արդյունաբերական ոլորտներում։


Հունգարիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ աջակցում են խաղաղ կարգավորմանը և դիվանագիտական լուծումներին՝ շեշտելով, որ հակամարտության երկարաձգումը խորացնում է տնտեսական ու սոցիալական խնդիրները Եվրոպայում։



Քաղաքականություն