Չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն․ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է.


«Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Լավ է անում, իր իրավունքն է։


Բայց ես էլ իրավունք ունեմ իրեն հարցեր տալու, չէ՞։ Թե՞ չէ։ Դե, մարդն ի վերջո սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր է, իսկ դեմոկրատական երկրներում նորմալ է, որ քաղաքական գործիչները միմյանց հրապարակային հարցեր են ուղղում։ Ինչևէ, գրեթե վստահ լինելով, որ հարցերս անպատասխան են մնալու, ամեն դեպքում որոշեցի դրանք ուղղել։ Բայց մինչ այդ մի քանի բան ասեմ, որպեսզի հարցերին ուղիղ պատասխանելուց խուսափելու բազմիցս կիրառված հնարքը կա՛մ չկիրառվի, կա՛մ կիրառվելու դեպքում բոլորի համար ակնհայտ լինի․


• Պարոն Մարության, ես չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն։ Դուք մասնագիտությամբ դերասան եք, և հալալ լինի այն հացը, որը վաստակում եք Ձեր մասնագիտությամբ՝ իհարկե այն պայմանով, եթե նաև վճարում եք օրենքով սահմանված բոլոր հարկերը։


• Պարոն Մարության, ես չեմ պնդում, որ Դուք լրտես եք։ Ունեմ համոզմունք, որ պրոռուսական շրջանակների հետ փոխկապակցված եք, բայց բացառված չէ, որ կարող եմ նաև սխալվել։


Իսկ ի՞նչ եմ ես ասում կամ, ավելի ճիշտ՝ հարցնում։


Հարց 1

Քանի որ Ձեր իսկ կողմից լրացված և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերից երևում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ-ում Ձեզ պատկանող գույքային միավորները (4 միավոր) վաճառել եք ընդհանուր շուրջ 590,000,000 ՀՀ դրամով (նորից եմ ասում՝ եթե բացառապես արդար քրտինքով աշխատած գումարով ձեռք բերված գույք է՝ հալալ լինի), և արդյունքում Ձեր ու Ձեր ընտանիքի ամբողջ գույքային կապիտալը (շուրջ 30 անշարժ գույք) արտերկրում է (կամ առնվազն այն ժամանակ եղել է), կարո՞ղ եմ ենթադրել, որ Հայաստանը Ձեր հիմնական շահերի կենտրոնը չէ կամ այն ժամանակ չէր։ Կարո՞ղ եմ կարծել, որ այն մարդը, որը երկրի համար դժվար պահին իր կապիտալի տեղափոխությամբ է զբաղվում, լավագույն թեկնածուն չէ մայրաքաղաքը և, առավել ևս, ամբողջ երկիրը կառավարելու համար։


Հարց 2

Հաշվի առնելով, որ Ձեր երեխաները ՄԻԱՅՆ Չեխիայի քաղաքացի են (էին)՝ հատկապես Հարց 1-ում նշված փաստերի հետ միասին, ողջամիտ չէ՞ ենթադրել, որ ունենք ևս մի փաստ, որը վկայում է Ձեր և Ձեր ընտանիքի ապագան Հայաստանի Հանրապետության հետ չկապելու մասին։ Ի դեպ, ազնվության համար նշեմ՝ եթե Դուք նման բարձր պաշտոնների, ինչպիսիք են ՀՀ վարչապետի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնները, չհավակնեիք, դա թերևս կարևոր չէր լինի։ Բայց այս ամենը շատ կարևոր է դառնում հենց նման հավակնություններ ունենալու փաստով։


Հարց 3

Հաշվի առնելով, որ բազմիցս խոսել եք ժողովրդավարությունից և ՔՊ-ին մեղադրել ժողովրդավարական արժեքները դավաճանելու մեջ՝ ևս մի հարց ունեմ։ Դուք 2021 թվականի փետրվարյան իրադարձությունների ժամանակ որտե՞ղ էիք։ Եթե կարիքը կա, հիշեցնեմ. այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի առնվազն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի հեճուկս զինվորականների՝ քաղաքական հարցերին խառնվելու սահմանադրական և ժողովրդավարական տեսանկյունից դասագրքային արգելքի, պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Ռազմական հեղաշրջումը, դրա փորձը կամ դրան նմանվող ցանկացած երևույթ և ժողովրդավարությունը հակադիր բևեռներում են։ Այդ օրերին՝ որպես Երևանի քաղաքապետ, որպես բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, որևէ հանրային խոսք հնչեցրե՞լ եք։ Ի դեպ, ուշադիր եղեք՝ չեմ ասում ՔՊ-ին սատարել եք, թե ոչ, հարցնում եմ՝ երևույթը դատապարտե՞լ եք։ Չեմ հիշում։ Կարո՞ղ է ինչ-որ բան բաց եմ թողել։ Նշվածի ֆոնին կարո՞ղ եմ մի թեթև կասկածել, որ ժողովրդավարությունն իսկապես Ձեզ համար այնքան բարձր արժեք է, որքան հայտարարում եք, կամ անգամ եթե արժեք է, ոչ միանշանակ և վտանգավոր իրավիճակներում պարզապես վախենում եք այդ արժեքը պաշտպանել։


Հարց 4

Քանի որ 2018 թվականից ի վեր Դուք արդեն երկու քաղաքական թիմի հետ («Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց») սկսել եք միասին ճանապարհ անցնել, ապա հարաբերությունները խզել եք, առո՞ղջ են իմ մտավախությունները, որ Դուք թիմային աշխատանք կազմակերպելու և մարդկանց հետ առողջ փոխզիջման գալու ունակություններ չունեք։ Նորից ասեմ՝ օրինակ ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում այդ ունակությունները կամ դրանց բացակայությունն ինչպես են դրսևորվում, քանի որ այդ ամենը, խոշոր հաշվով, երկրի շահերի վրա ազդեցություն չունի։ Բայց երբ ուզում եք վարչապետ դառնալ, դա սկսում է հետաքրքրել։


Հ․Գ․ Շատ է խոսվում այն մասին, որ մեր քաղաքացիներն արժանի են քաղաքակիրթ բանավեճի և ոչ թե փոխադարձ վիրավորանքների։ Անկեղծորեն ջանացել եմ արտահայտվել հնարավորինս կոռեկտ, չվիրավորել, ուստի ստիպում եմ ինձ հույս ունենալ, որ կստանամ նմանատիպ պատասխան հնչեցրածս հարցերին։


Հ․Գ․2 Առայժմ այսքանը»,- գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Քաղաքականություն

Պատահարներ