ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքից անհետացել են Էփշթեյնի գործի որոշ ֆայլեր
Ջեֆրի Էպշտեյնի գործին վերաբերող առնվազն 16 ֆայլ, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկարները, հեռացվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքէջից առանց բացատրության։ Associated Press-ի հաղորդմամբ՝ 24 ժամվա ընթացքում կայքից հեռացվել են Դոնալդ Թրամփի լուսանկարները, որոնցում պատկերված էին Ջեֆրի Էպշտեյնը, Մելանյա Թրամփը և Գիսլեյն Մաքսվելը։ Հեռացվել են նաև մերկ կանանց պատկերով լուսանկարները, ինչպես նաև Էպշտեյնի անձնական իրերը դարակներում և պահարաններում ցուցադրող պատկերները։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի պարզաբանել ֆայլերի հեռացման պատճառները և հանրությանը տեղեկատվություն չի տրամադրել այդ գործողության հիմնավորումների վերաբերյալ։ Միաժամանակ նախարարությունը նշել է, որ «լուսանկարները և այլ նյութերը կշարունակեն վերանայվել և խմբագրվել օրենքի համաձայն՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցներ, երբ լրացուցիչ տեղեկատվություն հասանելի դառնա»։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էպշտեյնի գործի մի մասը, որը ներառում էր մոտավորապես 3965 ֆայլ, որոնց մեծ մասը լուսանկարներ էին։ Ֆայլերը բաժանված էին չորս խմբի․ որոշները առանձին պատկերներ էին, իսկ մյուսները՝ բազմաէջ փաստաթղթեր։
Հիշեցնենք՝ Էպշտեյնը մեղադրվում էր 2002-2005 թվականներին տասնյակ անչափահաս աղջիկների համար իր Մանհեթենի տուն և անձնական կղզի այցելություններ կազմակերպելու մեջ։ Հետաքննիչների տվյալներով՝ հրավիրվածներից ամենաերիտասարդը 14 տարեկան էր։ 2019 թվականի ֆինանսիստը կիսաանգիտակից վիճակում հայտնաբերվել էր իր բանտախցում։





























