Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են վնասել Վրաստանի տնտեսությանը. Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոչերի նպատակահարմարությունը՝ նշելով, որ նման միջոցառումները կարող են վնասել Վրաստանի տնտեսությանը, հաղորդում է «Իմեդի»-ն։
Կալաձեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն անիրատեսական է համարել՝ նշելով, որ Թբիլիսիին նման միջոցառումներ ձեռնարկելու կոչ անող եվրոպական երկրներն իրենք են ակտիվ տնտեսական կապեր պահպանում Մոսկվայի հետ։
«Ի՞նչ պատժամիջոցներ պետք է կիրառենք Ռուսաստանի դեմ։ Նրանք իրենք են Ռուսաստանի հետ լայնածավալ առևտուր անում՝ այն նույն որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչները, որոնք մեզ կոչ են անում պատժամիջոցներ կիրառել։ Նայեք վերջին տարիների վիճակագրությանը. նայեք նրանց տնտեսական շրջանառությանը Ռուսաստանի հետ։ Մենք հիմարնե՞ր ենք», - ասել է նա։ Կալաձեն նաև կարծիք է հայտնել, որ Վրաստանի կողմից կիրառվող պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության վրա, բայց կարող են բացասաբար անդրադառնալ իրենց երկրի և նրա քաղաքացիների բարեկեցության վրա։





























