Որտեղո՞վ է անցնում սահմանը կարգավորման և ցենզուրայի միջև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին լսում է նշանակել «Kiss FM» ռադիոկայանի գործով։ Պատճառը՝ եթերում, հանձնաժողովի գնահատմամբ, «խեղաթյուրված» է ներկայացվել վարչապետի հայտարարությունը՝ երկրի ներսում կանխիկ դրամաշրջանառության հնարավոր վերացման վերաբերյալ։ Լսում նշանակելը ինքնին սովորական ընթացակարգ է, սակայն այս դեպքում խոսքը ոչ թե օրենքի առերևույթ խախտումը ստուգելու, այլ քաղաքական հայտարարության բովանդակային մեկնաբանության գնահատման, գրաքննության և խոսքի ազատությունը սահմանափակելու մասին է։ Սա բոլորովին այլ՝ վտանգավոր իրավական հարթություն է:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Սահմանադրությունը հստակ երաշխավորում է՝
• կարծիքի ազատ արտահայտման իրավունքը
• տեղեկատվության տարածման իրավունքը
• գրաքննության ուղիղ արգելքը։
Երբ կարգավորող մարմինը սկսում է գնահատել ոչ թե իրավական խախտման փաստը, այլ քաղաքական խոսքի «ճիշտ» մեկնաբանությունը, սա այլևս կարգավորում չէ։ Սա ուղղակի միջամտություն է խոսքի ազատությանը։
ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՉՆԿԱՏԵԼ
Գոյություն ունի կարևոր հանգամանք, որը միտումնավոր անտեսում է Հանձնաժողովը։ Վարչապետի հայտարարության նույնանման ձևակերպմամբ տեղեկատվությունն առաջինը տարածել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարության հովանու ներքո գործող «Արմենիա Սպուտնիկ» գործակալությունը։
Նշենք, որ «Արմենիա Սպուտնիկ»-ի հրապարակումից ավելի քան 6 ժամ անց է նույն տեղեկատվությունը հնչել «Kiss FM»-ի եթերում։Հանձնաժողովը խնդիր չի տեսել «Սպուտնիկ Արմենիա»-ի հրապարակման մեջ։ Փոխարենը հարցեր է առաջացրել բացառապես «Kiss FM»-ի նկատմամբ։Հարց է ծագում, ինչո՞վ է պայմանավորած խտրական մոտեցումը «Kiss FM»-ի նկատմամբ։Պատասխանն այն է, որ արդեն կես տարի է «AuroraNews»-ը լրագրողական հետաքննություն է իրականացնում հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ, որից վերջինս սկսել է անհանգստանալ:

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ «ՊԱՏԱՍԽԱՆԸ»
AuroraNews-ը լուրջ հիմքեր ունի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության, հրապարակայնության և անաչառության բացակայության մասին։Լրատվական հետաքննությունը սկսելուց, հանձնաժողովի և նրա նախագահի գործունեության վերաբերյալ գրավոր հարցադրումներ ներկայացնելուց անմիջապես հետո հետևել են «կանխատեսելի» գործընթացներ՝
• անսպասելի ստուգումներ
• ֆինանսական տույժեր
• ճնշում միանգամից երկու լրատվամիջոցի նկատմամբ՝ Radio Aurora և Kiss FM։
Այս իրադարձությունների հաջորդականությունը պատահականություն չէ, այլ հանձնաժողովի նախագահի պատասխան քայլն է՝ լրագրողական հետաքննությունը ճնշելու համար։
ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Հարցը չի վերաբերվում միայն «Kiss FM»-ին կամ «Radio Aurora»-ին։ Խնդիրը շատ ավելի խորքային է.
• կարո՞ղ է արդյոք կարգավորող մարմինը վերահսկողության գործառույթները վերածել է ճնշման միջոցի
• ընդունելի՞ է արդյոք, որ հանձնաժողովի նախագահի գործունեության հետաքննությունը հանգեցնի լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցների
• վերջապես, ո՞վ է վերահսկում վերահսկողին։
AuroraNews-ը շարունակելու է հանձնաժողովի և վերջինիս նախագահի գործունեության (անգործության) ուսումնասիրությունը և հանդես է գալու նոր հրապարակումներով:
Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե որքանով է անկողմնակալ, օրինական և հրապարակային Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարը, ով վերահսկում է երկրի տեղեկատվական դաշտը։





























