Քրեկատարողական հիմնակարներում 2025 թ. արձանագրվել է մահվան 22 դեպք. մտահոգիչ այլ տվյալներ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն խորապես մտահոգված է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի, մասնավորապես՝ ինքնասպանությունների անհանգստացնող աճի առթիվ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 22 դեպք, որոնցից 8-ը Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացվել է որպես ինքնասպանություն։ Այս ցուցանիշները վկայում են քրեակատարողական համակարգում տիրող համակարգային խնդիրների մասին, որոնք վերաբերում են կառավարման ճգնաժամին, սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների ոչ լիարժեք հասանելիությանը, մարդկային ռեսուրսների անբավարարությանը և այլն։


«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2836 անձ, որոնցից 1441-ը՝ կալանավորված անձինք, 1395-ը՝ դատապարտյալներ։ Թվերի պարզ համադրությունը փաստում է, որ ազատազրկված անձանց զգալի մասը կալանավորված անձինք են։ Չնայած վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման օրենսդրական հնարավորությունները, դատարանները փաստացի շարունակում են գերադասել կալանավորման՝ որպես խափանման հիմնական միջոցի կիրառումը։ Այս միտումը ոչ միայն խախտում է «ազատությունից զրկելը՝ որպես ծայրահեղ միջոց» սկզբունքը, այլև ծանրաբեռնում է քրեակատարողական համակարգ՝ միառժամանակ բացասաբար անդրադառնալով առողջապահական, սոցիալ-հոգեբանական ծառայությունների որակի և հասանելիության վրա։ Ճիշտ է, վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր գերբնակեցման խնդիրներ չեն արձանագրվել, սակայն կալանավորված անձանց թվի շարունակական աճը կարող է հանգեցնել առանձին խցերի գերբեռնվածության։ Խցերում գերբնակեցումը կարող է հանգեցնել ոչ միայն խրոնիկ հիվանդությունների ուշացած ախտորոշման կամ բուժման, այլև նոր հիվանդությունների առաջացման և առկա առողջական խնդիրների սրացման։


Դատապարտյալների թվի կայուն աճին կարող են նպաստել պատժից ազատման մեխանիզմների ոչ արդյունավետ կիրառումը։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև կալանավորված անձանց և դատապարտյալներին առողջական վիճակի հիմքով կալանքից և պատժից ազատման մեխանիզմների անարդյունավետությունը։ Ազատազրկված անձանց թվի աճը նշանակում է, որ նույն թվով մասնագետները՝ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ և այլն, ստիպված են ավելի մեծ թվով անձանց հետ աշխատել։ Դա կարող է հանգեցնել նշված մասնագետների մասնագիտական այրման և հոգնածության, ռիսկային իրավիճակներին ուշացած արձագանքման, ռիսկային վարքագիծ կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ոչ լիարժեք հսկողության, մասնագիտական աջակցության ու ծառայությունների հապաղման կամ սահմանափակ հասանելիության և այլն։


Նշված գործոնները, ներառյալ կալանավորման՝ որպես խափանման հիմնական միջոցի կիրառման նախապատվությունը, այդ համատեքստում ազատազրկված անձանց թվային աճը, կալանքից կամ պատժից ազատման մեխանիզմների ոչ արդյունավետ կիրառումը կարող են հանգեցնել քրեակատարողական հիմնարկներում մահացության և ինքնասպանությունների դեպքերի աճին։

Պատահարներ