Գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է. Ավինյանը` Կասկադի վերակառուցման մասին
Օրերս Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում մենք ունեցանք առաջընթաց քայլ, որը շատ կարևոր և գործնական փուլի մասին վկայող քայլ էր։ Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Դա Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման, Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրումն է ներդրող գործընկերոջ հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները և որի շնորհիվ մեր հետագա ամբողջ գործընթացը կիրականացվի։
Հաջորդիվ նաև նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Դա ծրագրի իրականացման այն կոմպոնենտն է, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ներդրող ընկերությանը։ Այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումները այնպիսին են, որ կառուցապատման աշխատանքները երկու հատվածներում պետք է տեղի ունենան զուգահեռ, համընթաց, միաժամանակյա սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը։
Այս ծրագիրը նաև ներառում է հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգման և որպես քաղաքային այգի այն ձևավորելու նախաձեռնությունը, որը մեծ դրումային առաջարկի մաս է կազմում և ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում նաև հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի։
Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը, դա շինարարության թույլտվության պահից հաշված հինգ տարի է»,–ասաց քաղաքապետարանի աշխատակիցը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Իրապես, շատ կարևոր պայմանագիր ենք ստորագրել՝ շատ բարդ գործընթացներով անցած և տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում։ Ոչ միայն քաղաքաշինական խնդիր ենք լուծում, այլ նաև քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ և ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք վստահաբար ոչ միայն ոչ թե քաղաքապետարանինն են, այլ քաղաքինն են։
Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի ֆինանսական տրամաբանություն, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա։ Խնդրում եմ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակներում և դրանից շատ ավել չանցնենք։ Նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք դա 70-ի կարգի, խնդրում եմ այդ շրջանակներում կարողանանք մնալ, որպեսզի համ արագ առաջ շարժվենք, համ էլ ստանանք որակյալ ենթակառուցվածք»։





























