Թուրքիան կրկնակի կրճատել է ռուսական Urals տեսակի նավթի ներմուծումը

Նոյեմբերին Թուրքիան զգալիորեն նվազեցրել է ռուսական Urals նավթի գնումները․ օրական մատակարարումները կրճատվել են մինչև շուրջ 200 հազար բարել, ինչը մոտ 100 հազարով քիչ է նախորդ ամսվա ցուցանիշից, գրում է Reuters-ը։


Ըստ գործակալության՝ Թուրքիան, որը Եվրոպայի շուկայի դուրս գալուց հետո 2022-ին դարձավ ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկը՝ զիջելով միայն Հնդկաստանին, այս անգամ էականորեն կրճատել է Urals-ի ներմուծումը։


Փորձագետները փոփոխության հիմնական պատճառ են համարում ԱՄՆ-ի կողմից «Լուքօյլի» և «Ռոսնեֆտի» դեմ կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստվող արգելքը՝ ռուսական նավթից արտադրած վառելիքի գնման վրա։ Այս գործոնների ազդեցությամբ Անկարան սկսել է ավելի ակտիվորեն փոխարինել ռուսական նավթը այլ տեսակներով, մասնավորապես՝ ղազախական CPC Blend-ով և իրաքյան Basrah-ով։


Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ Urals-ի փոխարինումը Թուրքիայի նավթավերամշակող գործարանների համար չի լինելու դյուրին․ համարժեք տեսակի նավթի առաջարկը սահմանափակ է, իսկ CPC Blend-ի մատակարարումները կարող են անկայուն լինել՝ հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած հարձակումը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումին պատկանող տերմինալի վրա։

Քաղաքականություն

Պատահարներ