Հայկական ավիաընկերությունների ԵՄ «սև ցուցակում» մնալը կապված չէ քաղաքական հարաբերությունների հետ. Կոս
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ հայկական ավիաընկերությունների Եվրամիության թռիչքային անվտանգության «սև ցուցակում» մնալը պայմանավորված է բացառապես տեխնիկական խնդիրներով։
Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ գործընթացը գտնվում է ԵՄ Թռիչքային անվտանգության կոմիտեի վերահսկողության ներքո, և որոշումը հիմնվում է միայն մասնագիտական գնահատումների վրա։
«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական։ Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է իրականացնի։ Մենք մշտապես կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ դեռ չեն կատարվել պահանջվող քայլերը, որոշումը չի կարող կայացվել։ Սա որևէ կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ․ մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ անվտանգության հարցը լիովին ապահովված է»,- նշել է Կոսը։





























