Զբոսաշրջիկ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով․ մանրամասներ
Ավստրալիայի արևելյան ափին՝ սերֆինգի հայտնի վայրի մոտակա լողափում շնաձկան հարձակման հետևանքով շվեյցարուհի զբոսաշրջիկ է զոհվել, մեկ այլ զբոսաշրջիկ էլ ծանր վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ շնաձուկը երկու մարդու է կծել։
Կինը, որը ենթադրաբար 20 տարեկան է և որի ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, մահացել է դեպքի վայրում։ Տղամարդը, որը նույնպես ենթադրաբար 20 տարեկան է, ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության գլխավոր տեսուչ Թիմոթի Բեյլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ շնաձկան զոհերը ճանաչում էին իրար։ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հաստատել է, որ երկուսն էլ Շվեյցարիայի քաղաքացիներ են։
«Շվեյցարիայի մեկ քաղաքացի զոհվել է, իսկ մեկ այլ շվեյցարացի վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։ Սիդնեյում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է եղել իշխանությունների հետ և աջակցություն է ցուցաբերել նրանց ընտանիքներին, ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Սիդնեյի հյուսիսում՝ Լոնգ Ռիֆ լողափում, որտեղ երկու ամիս առաջ շնաձուկը սպանել էր սերֆինգով զբաղվող մի տղամարդու։





























