Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասին
«Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը հարցաքննության չի կանչվել, նրա տունը չի խուզարկվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաչատրյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթին և նոյեմբերի 17-ից սկսած քննչական գործողություններին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։
Սևակ Խաչատրյանը նշեց՝ 5-ից մի քանիսին չի էլ ճանաչում, թերևս ընտրողներ են։
«Մեր թիմի ավագանու ցուցակից Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի, Տիգրան Գևորգյանի և ևս մի քանի հոգու տներ են խուզարկել։ Մյուսներին չեմ ճանաչում, միգուցե մեր համակիրներն են, իրենց ձայնը տվել են «Հաղթանակ» դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, ստորագրությամբ բաց են թողել»,- ասաց Խաչատրյանը։





























