Մարդը շատ կերել ու խմել է, ապահովագրությունը դրա հետ կապ չունի՞. Փաշինյանը՝ Ավանեսյանին

Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ նախօրեին գրավոր քվեարկությամբ հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի և հարակից օրենսդրական փաթեթը։ Նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով։


Նախարարը նշեց, որ թեմայի շուրջ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են անցկացվել, այդ թվում՝ խորհրդարանական պատգամավորների հետ։ Սակայն, նրա խոսքով, կան պատգամավորներ, որոնք այդ քննարկումներին չեն մասնակցում, ինչի պատճառով երբեմն առաջանում են գործընթացի վերաբերյալ թյուր մեկնաբանություններ։


Ավանեսյանի խոսքով՝ քննարկվել է նաև օրենքը անհետաձգելի կարգով ընդունելու թեման։ Նա հիշեցրեց, որ փաստացի անհետաձգելիության հարցն առաջացել է այն պատճառով, որ նախագծի ներդրումը արդեն երկու անգամ հետաձգվել է․ սկզբում այն նախատեսված էր ուժի մեջ մտնել 2025թ․ հունվարի 1-ից, այնուհետև՝ 2025թ․ հուլիսի 1-ից, սակայն երկու ժամկետներն էլ փոփոխվել են՝ համակարգի գործարկման վերաբերյալ առկա մտավախությունների պատճառով։


«Բնության մեջ չի լինում նման բան, որ որևէ մեծ բարեփոխում առաջին իսկ օրից առանց որևէ խնդիրների սկսի աշխատել։ Խնդիրները ի հայտ են գալիս միայն իրական աշխատանքի ընթացքում։ Այդ պատճառով էլ չենք կարող այլևս հետաձգել»,- ասաց նա։


Ավանեսյանը հավելեց, որ հաճախ քննարկումներում շեշտվում են ապահովագրության առավելությունները, մինչդեռ իրականում առավելությունները պարզ են, և ավելի կարևոր է խոսել խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ, նախարարը ընդգծեց՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը չի նշանակում, որ համակարգը կծածկի բոլոր բժշկական ծախսերը. այն համընդհանուր է այն իմաստով, որ ընդգրկում է բոլոր քաղաքացիներին, բայց չի տրամադրում 100% ծածկույթ բոլոր ծառայությունների համար, հատկապես առաջին փուլում։


Ավանեսյանը պարզաբանեց, որ անգամ այն ծառայությունների շրջանակում, որոնք ներառված են ապահովագրական փաթեթում, որոշ դեպքերում պետությունը կհատուցի ոչ թե ամբողջ ծախսը, այլ դրա մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել իրենց նախընտրած այլ դեղամիջոց կամ բուժում՝ համավճարի սկզբունքով։ «Մենք ֆինանսավորում ենք դեղանյութը, ոչ թե բրենդը։ Օրինակ՝ կա անալգին՝ տարբեր արտադրողներից, տարբեր գներով։ Մենք փոխհատուցում ենք հաշվարկված միջին արժեքը։ Եթե քաղաքացին ցանկանում է ավելի թանկ արտադրողի դեղ, ինքը կարող է տարբերությունը վճարել»,- նշեց նախարարը։


Նա հավելեց, որ նախարարությունն արդեն կազմել է դեղերի ցանկը, հաշվարկել է փոխհատուցման միջին գները, և համակարգը այնպես է կառուցված, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրություն կատարել։ Նիստի ավարտին վարչապետը հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ պարզաբանելով, թե հունվարի 1-ից ինչ է փոփոխվելու շարքային քաղաքացիների համար՝ համեմատած նախորդ տարիների հունվարի 2, 3 կամ 4-ի հետ։


Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք այդպիսի ռեժիմ կա՞, որ շատ ես կերել-խմել, ապահովագրությունը դրա հետ կապ չունի՞: Ավանեսյանը պատասխանեց. «Եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին չենք դիտարկի, բայց մենք բոնուսներ ենք սահմանել քիչ ուտելու, քիչ խմելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ