Իրանը սպառնում է արձագանքել Իսրայելի ցանկացած հարձակման
Իրանը պատրաստ է արձագանքել Իսրայելի կողմից ցանկացած թշնամական գործողության, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին և սպասում ենք սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիվ վարքագծի»,- ասել է նա կատարյան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
«Մենք ավելի քան պատրաստված ենք բոլոր մակարդակներում, և պատերազմի դեպքում Իսրայելը կրկին պարտություն կկրի», – հավելել է Արաղչին՝ Իսրայելին սպառնալով «լուրջ հետևանքներով»։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իրանը ձեռնարկեց պատասխան հարձակում։ Միացյալ Նահանգները միջամտեց հակամարտությանը ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։
Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվեց Կատարում գտնվող ԱՄՆ-ի «Ալ Ուդեյդ» ավիաբազայի վրա՝ Մերձավոր Արևելքի ամենամեծ ռազմակայանը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։






























