90-ականներին գործարանները թալանվեցին ու երկաթի ջարդոն դարձան․ Պապոյանը՝ Նարեկ Կարապետյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նարեկ Կարապետյանի հայտարարություններին, ըստ որոնց պետությունը պետք է դպրոցների ու ճանապարհների փոխարեն գործարաններ կառուցի։ Նախարարը պարզաբանել է, որ ենթակառուցվածքների զարգացումը պետության պարտականություն է, իսկ գործարանների կառուցումը՝ բիզնեսի գործը։
«Ինչպես խոստացել էի կշարունակեմ «պետությունը պետք է դպրոց ու ճանապարհ կառուցի, թե՞ գործարան» թեման։
Այն, որ 2018թ.-ից հետո Հայաստանում պետության կողմից կառուցվում են հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ ու ջրագծեր և այլ ենթակառուցվածքներ, դա փաստ է։
Այժմ անդրադառնանք այն հանգամանքին՝ արդյոք պետությունը գործարան կառուցում է, թե՝ ոչ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ երեկվա իմ գրառման մեկնաբանությունները շատ առողջ էին և մարդկանց մեծ մասը արձագանքում էր, որ պետության գործը ենթակառուցվածքների, հավասար բիզնես միջավայրի, խաղաղության ու այլ մակրո խնդիրների ապահովումն է, իսկ գործարան սարքելը բիզնեսի գործն է։
Համաձայն եմ վերոնշյալի հետ, բայց հիմա 2 օրինակով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի։
Այսպես, հայտնի փաստ է, որ սկսած 90-ականներից Հայաստանի գործարաններն ու ենթակառուցվածքները թալանվեցին ու որպես երկաթի ջարդոն արտահանվեցին երկրից։ Օրինակ գործարանը մասնավորեցվում էր, հետո մեքենասարքավորումնեը որպես մետաղի ջարդոն արտահանվում էր երկրից, իսկ գործարանի տարածքը տասնյակ տարիներով մնում է լքված, լավագույն դեպքում՝ դառնում առևտրի կենտրոն։ Հետո, երբ այլևս այդպիսի գործարան ու մեքենասարքավորումներ չմնացին, անցանք այլ մետաղական հումքի արտահանմանը, օրինակ ավտոմեքենաների կմախքներին։
2018թ.-ից հետո պետությունը քայլ առ քայլ արգելեց մետաղի ջարդոնի արտահանումը, սկզբից թույլ տվեց հալելուց հետո նոր միայն արտահանել, այնուհետև էլ ավելի խստացրեց և թույլ տվեց արտահանել մետաղի կիսաֆաբրիկատը միայն, իսկ արդեն 2024թ.-ից թույլ տվեց արտահանել միայն մետաղական պատրաստի արտադրանք, արդյունքում Հայաստանում այսօր կա այդպիսի արտադրանք արտադրող ու արտահանող 5 գործարան, որոնք ստեղծվել են այդ քաղաքականության արդյունքում և որտեղ աշխատում են հազարից ավել մարդիկ։
Բերեմ այս գործարաններից մեկի օրինակը, որը արտադրում է ալյումինե մարտկոցներ (ռադիատոր)։ Շատերիս տներում կա գազով ջեռուցման լոկալ համակարգ՝ իր ալյումինե մարտկոցներով, դրանք 30 տարի շարունակ ներմուծվել են Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից և այլ երկրներից, իսկ 2025թ. սկսած Հայաստանը ոչ միայն արտադրում է ալյումինե մարտկոցներ, այլև նույնիսկ արտահանում։
Կլինե՞ր այդ գործարանը, եթե պետությունը իր քաղաքականությամբ թույլ տար ալյումինի հումքը արտահանել երկրից, պատասխանը հստակ է, չէր լինի, ինչպես չէր եղել 34 տարի շարունակ։ Հետևաբար, պետությունը անուղղակի մասնակցել է գործարան կառուցելու գործին՝ ստեղծելով դրա կառուցման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ։ Առաջիկայում այլ օրինակներով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը նպաստում գործարան կառուցելուն։
Շարունակելի»,- գրել է Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի պատգամավորին թույլ չեն տվել մտնել Ռուսաստան
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք: Այս մասին հայտնում է «Ռիա...
Նիկոլ Փաշինյանի հերթական փչած փուչիկը պայթում է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես նշել է. «Նիկոլ Փաշինյանի հերթ...
Ռուբեն Վարդանյանը` Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված Արցախի կանանց նամակի մասին
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Telegram-ի իր ալիքում գրում է.«Այսօր արցախցի...
Թուրքիան կմիանա ՌԴ-Ուկրաինա ստամբուլյան բանակցություններին
Թուրքական դիվանագիտական աղբյուրից ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը...