Նոր հաղորդուղին կնվազեցնի ղազախական ցորենի գինը. Գևորգ Պապոյան

Հայաստանը շուտով կստանա Ղազախստանից ցորենի առաջին խմբաքանակը՝ Ակտաու-Բաքու հաղորդուղով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ նոր ուղին զգալիորեն կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։


«Մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ցորեն ձեռք բերելու հնարավորություն լինի, բայց դա թանկ էր՝ 280 դոլար և ավելի, քանի որ տրանսպորտային ծախսերը մեծ էին։ Նոր հաղորդուղու դեպքում դա բավականին էժանանում է»,– նշել է նախարարը։


Պապոյանը պարզաբանել է, որ նախկինում ցորենը բերվում էր Ակտաու-Էնզելի (Իրան) ճանապարհով, որը և ավելի երկար էր, և լեռնային բարդ տեղանքով։ Իսկ Ակտաու-Բաքու ուղղությունը թույլ է տալիս բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով երկաթուղով՝ շատ ավելի կարճ և հարմար ճանապարհով։


Նախարարը հավելել է, որ ապաշրջափակման գործընթացի ավարտից հետո Ղազախ–Իջևան ուղիղ երկաթուղու գործարկումը ևս կնվազեցնի ծախսերը և կավելացնի հաղորդակցության գրավչությունը։


Պապոյանը նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է այս ճանապարհի օգտագործման պատրաստակամության մասին․ «Դա նշանակում է, որ դեպի Հայաստան Ռուսաստանի հաղորդակցությունն այլևս մեկ չէ, այլ երկու ուղղություն ունի»։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, իսկ ՀՀ կառավարությունը ողջունել էր այդ որոշումը։

Քաղաքականություն