Իսրայելը դեմ է Թուրքիայի զինուժի ներգրավմանը Գազայում
Իսրայելը չի ընդունի Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Գազայում՝ այն ծրագրի շրջանակում, որը ԱՄՆ-ն առաջարկել է որպես քայլ դեպի պատերազմական գործողությունների դադարեցում Պաղեստինյան տարածքում։
Ինչպես հայտնում է «Ակտուալնայա կամերա»-ն, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները զգալիորեն լարվել են այն բանից հետո, երբ Անկարան քննադատեց Իսրայելի օդային և ցամաքային գործողությունները Գազայում։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկրները, որոնք պատրաստվում են ուղարկել իրենց զինված ուժերը, պետք է ցուցաբերեն առնվազն արդար վերաբերմունք Իսրայելի հանդեպ։
«Նրանք, գուցե, պարտավոր չեն աջակցել Իսրայելին, բայց չեն կարող նաև հանդես գալ թշնամական դիրքերից։ Ցավոք, վերջին երկու տարիների ընթացքում Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ վարում է Իսրայելի նկատմամբ թշնամական քաղաքականություն, որը ներառում է ոչ միայն հռետորաբանություն, այլև դիվանագիտական ու տնտեսական միջոցառումներ»,-ասել է Սաարը։
Ըստ աղբյուրների՝ Թել Ավիվը բացասական է գնահատում ցանկացած փորձ, որը կարող է թույլ տալ թուրքական զորքերի տեղակայում Գազայում՝ նույնիսկ խաղաղապահ առաքելության ձևաչափով։ Իսրայելի իշխանությունները մտահոգված են, որ նման ներկայությունը կարող է խաթարել անվտանգության հավասարակշռությունը և ուժեղացնել տարածաշրջանային լարվածությունը։
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված՝ Գազայի պատերազմական իրավիճակի ֆոնին։ ԱՄՆ-ի խաղաղարար առաջարկները դեռևս չեն ստացել կողմերի համաձայնությունը, իսկ թուրքական զորքերի հնարավոր ներգրավումը դարձել է հերթական հակասության աղբյուր երկու երկրների միջև։





























