ԲՏԱ նախարարության բյուջեն 2026-ին կնվազի ավելի քան 10 մլրդ դրամով
Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից կհատկացվի 37 միլիարդ 352 միլիոն դրամ, ինչը 10 միլիարդ 157 միլիոն դրամով պակաս է 2025 թվականի հատկացումից։
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը շարունակելու է մի շարք ծրագրերի իրականացումը՝ ներառյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու մոնիթորինգը, ռազմաարդյունաբերական համակարգի զարգացումը, ինչպես նաև հեռահաղորդակցության և թվային փոխակերպման գործընթացների ապահովումը։
Նախարարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։
Այս պահին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են նախագծի քննարկումները։





























