2026-ին կաճեն սոցիալական ծախսերը․ Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տարբեր գերատեսչությունների ծախսերի կառուցվածքը՝ նշելով, որ ամենամեծ աճը գրանցվել է սոցիալական ոլորտում։
Նախարարի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի 87 միլիարդ դրամով, ԿԳՄՍ նախարարության՝ 57 միլիարդով, առողջապահության նախարարության՝ 44 միլիարդով, իսկ ֆինանսների նախարարության՝ մոտ 42 միլիարդով։ Միևնույն ժամանակ պաշտպանության ոլորտում նախատեսվում է 101 միլիարդ դրամի կրճատում, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կնվազեն 10 միլիարդով։
Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականին պետական բյուջեի ծախսերի արտաքին ֆինանսավորման չափը կկազմի 154 միլիարդ դրամ, որից 133.5 միլիարդը՝ վարկային, և 20.5 միլիարդը՝ դրամաշնորհային միջոցներ։ Կապիտալ ծախսերի զգալի մասն, շուրջ 583 միլիարդ դրամ, կֆինանսավորվի ներքին աղբյուրներից։
Նախարարն ընդգծել է, որ սոցիալական ծախսերը 2025 թվականի համեմատությամբ կաճեն 3 տոկոսային կետով՝ կազմելով բյուջեի 44 տոկոսը, մինչդեռ պաշտպանության, անվտանգության և դատական համակարգերի բաժինը կնվազի 22 տոկոսի։ Նրա խոսքով՝ արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերը թույլ են տալիս կառավարությանը պահպանել պարտքային կայունությունը՝ առանց ավելորդ տոկոսավճարների։
Հովհաննիսյանը նաև նշել է, որ չնայած պարտքի սպասարկման ծախսերը բացարձակ թվով կաճեն, դրանց հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կմնա կայուն։
«Այս տարի մենք արդեն կունենանք մոտ 40 միլիարդ դրամի տնտեսում պարտքի սպասարկման գծով, ինչը վկայում է ֆինանսական կառավարման արդյունավետության մասին»,- ընդգծել է նախարարը։





























