
Կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, դա չի արվում ընդդեմ կամ կողմ ինչ-որ շուկայի․ Պապոյան

Հայաստանը մշտապես պատրաստվում է տնտեսության դիմակայանություն շարունակական ավելացմանը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին։
Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ-ԵՄ անցման գործընթացին, եթե դրա կարիքը լինի, արդյոք ռիսկերը հաշվարկվում են՝ դրանք հնարավորինս չեզոքացնելու և անհրաժեշտության դեպքում անցումը հնարավորինս փափուկ իրականացնելու համար։
Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, և դիվերսիֆիկացիան չի արվում ընդդեմ կամ կողմ ինչ-որ շուկայի։
«Մենք ձգտելու ենք աշխարհի տարբեր անկյուններից լինել կախված ինչքան հնարավոր է շատ, և եթե հնարավոր է՝ աշխարհի տարբեր երկրներ դրանով դառնան Հայաստանից կախված։ Սա ունի նաև անվտանգային նշանակություն մեզ համար։ Հարափոփոխ այս ժամանակներում որևէ մի շուկա չի կարող երաշխավորել որևէ պետության համար երկարաժամկետ կայունություն և կենսունակություն, ցանկացած շուկա»,- ասաց Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ Հայաստանը փորձում է ներկայացվածություն ունենալ միջազգային տարբեր շուկաներում։