Պետք է ջուրն ամբարել. մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։


Հաջորդիվ քննարկվել են ներդրումների ծավալներին, աղբյուրներին, ինչպես նաև նախագծերից ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։


Վարչապետը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: «Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով պետք է ռեսուրս ներդնել այն տեղերում, որտեղ ազդեցության առումով կարող է լինել առավելագույն արդյունք։ «Եթե մենք այսպես ջրամբարներ կառուցենք, կառուցենք և մեր ոռոգման կուլտուրան լինի այնպիսին, ինչպիսին կա, մենք չենք հասցնի ուղղակի այդքան ջրամբար կառուցել: Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն, և երկրորդը՝ ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի: Մեր շուկայում այսօր հայտնվում են տնտեսվարողներ, ովքեր ասում են՝ մենք չենք ուզում ջուր 10 դրամով։ Մենք ուզում ենք ջուր այնքան, ինչքան մենք ուզում ենք, ասեք՝ ինչ գնով եք տալիս: Մենք այդ գինը պատրաստ ենք վճարել: Մարդիկ պատրաստ են վճարել ջրի համար, ոչ թե սպասեն՝ հերթն իրենց կհասնի՞, թե՝ ոչ: Մեծ ներդրումներ են անում և ասում են՝ տվեք ջուրը ոչ թե 10 դրամով, այլ՝ 30 դրամով, 40 դրամով, 50 դրամով, բայց տվեք ցպահանջ»,– նշել է վարչապետը։


Քննարկման արդյունքներով վերոնշյալ նախագծերը Ներդրումային կոմիտեի կողմից հաստատվել է և նախագծերը կմտնեն գործնական փուլ։

Քաղաքականություն