
Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են արել. Ռուբինյան

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից: Այդ մասին Ազգային ժողովի նիստին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան: Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշել էր, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը. «Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»:
Այս դիտարկումներին Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է. «Իջևանի երկաթգիծը չի գործում: Գոյություն չունեցող երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդված է: Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են արել»:
Խաչատրյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը, Ռուբինյանը պատասխանել է. «Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլև եթե մինչև դա կարող են մեզ համար բաներ բացվել, թող բացվեն: Վա՞տ է, հա՞: Վա՞տ է, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց բան է բացվում»:
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մեկ այլ դիտարկման, թե նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, Ռուբինյանը պատասխանել է. «Ասում եք՝ նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին: Լա՛վ, որ մեջբերում եք դասականին, շա՛տ լավ, մի հատ կկողմնորոշվեք: Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, ասում եք՝ ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է, քանի որ Ադրբեջանից հնչում են ռազմատենչ հայտարարություններ: Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք՝ սա այն պատճառով է, որ նվաճողը սիրում է խաղաղություն: Այսինքն՝ ձեզ գոհացնելու ձև չկա՞, թե՞ կա, ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, կողմ ըլլալով դեմ ըլլալն է ձերը: