
Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետի խոսքով, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մի հաստատություն է, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, քանի որ այդ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային այն փառապանծ հաջողությունները, որոնցով բոլորը շարունակաբար հպարտանում են:
«Ես հասկանում եմ, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողություններին, և ես ուզում եմ իմ գնահատանքի և հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով ու էներգիայով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում, անցնում է կրթության միջոցով. «Այսինքն, եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք»։