
Շատ վարորդներ ցանկացած պահի կարող են ստանալ Ռուսաստան մուտքի արգելք

Ռուսաստանում սեպտեմբերից հետո միգրացիոն օրենսդրության խստացումներն արդեն իսկ հանգեցնում են այնպիսի իրավիճակի, որը, ըստ մասնագետների, կարող է լրջորեն վնասել ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրումների համակարգին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
«Ուրբաթ օրվանից ես արդեն ունեմ 74 դիմում, որոնցից 13 կամ 14-ը վերաբերում են մուտքի արգելքի կիրառմանը։ Մուտքի արգելքը դրվում է հինգ տարի ժամկետով, այն դեպքում, երբ փաստաթղթերով ապացուցվում է, որ անձը ՌԴ-ում չի գտնվել թույլատրելի 180 օրվանից ավելի»,- ասել է Բեժանյանը։
Նրա խոսքով՝ սա ոչ միայն իրավական խախտում է, այլ նաև տնտեսական լուրջ սպառնալիք։
«Շատ վարորդներ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցվել են նրանց բանկային հաշիվները։ Սա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են ստանալ մուտքի արգելք՝ երեքից տասը տարի ժամկետով։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր բեռնափոխադրող ընկերությունները շուտով չեն կարողանա աշխատել»,- ընդգծել է նա։
Բեժանյանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի համակարգային մակարդակով։
«ԵԱՏՄ շրջանակում պետք է հստակ նշվի, որ բեռնափոխադրումներ իրականացնողները չպետք է ընկնեն այդ օրենքի ազդեցության տակ։ Օրենքի կետում պետք է բացառություն արվի նրանց համար, ինչպես դա արվել է այլ երկրներում։ Օրինակ՝ Ֆրանսիայի փորձը ցույց է տվել, որ նման իրավիճակներում կարելի է հայտարարել ամնիստիա և հանել մուտքի արգելքը նախկինում տուժած անձանց համար»։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի ներսում ևս կան մտահոգություններ՝ հատկապես տնտեսական բլոկի շրջանակում։
«Ռուսաստանում ուժային կառույցները շարունակում են խստացնել միգրացիոն կանոնները՝ առանց գնահատելու դրա տնտեսական հետևանքները։ Բայց այս իրավիճակը կարող է հարվածել հենց իրենց առևտրային ցանցերին ու մատակարարման շղթաներին, քանի որ սահմանափակումները փոխադարձ բնույթ ունեն՝ և՛ դեպի Հայաստան, և՛ դեպի Ռուսաստան ուղարկվող բեռների համար»,- ասել է փորձագետը։
Բեժանյանը վստահ է, որ ԵԱՏՄ երկրների մակարդակով հարցն արդեն բարձրացվել է, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովներում։
«Ես գիտեմ, որ խնդիրը քննարկվել է նաև ԵԱՏՄ հանձնաժողովներում։ Եթե քաղաքական կամք լինի, Ռուսաստանը կարող է շատ արագ փոփոխություն իրականացնել օրենքում։ Նման դեպքեր եղել են, երբ օրենքը Դումայում անցել է երկու-երեք ընթերցում՝ մեկ օրվա ընթացքում»,- հավելել է Բեժանյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ այսօր խոսքը միայն բեռնափոխադրողների մասին է, սակայն առաջիկայում խնդիրը կարող է տարածվել նաև ուղևորափոխադրող ընկերությունների վրա։
«Սեպտեմբերի 10-ին ավարտվել է նախագահի հրամանագրի ժամկետը, և եթե այսպես շարունակվի, ապա առաջիկայում նույն խնդիրը կարող է վերաբերվել նաև այլ ոլորտների աշխատողներին»,- նշել է Տաթևիկ Բեժանյանը։