Իռլանդիայի թիմը շատ լավ հասկանում է, որ մեզ հաղթելը իր վերջին շանսերից մեկն է լինելու․ Եղիշե Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու պաշտպան Էրիկ Փիլոյանը Դուբլինում ընթացող մամուլի ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը նշել է, որ մեկ անգամ արդեն շատ լավ հանդիպում են անցկացրել Իռլանդիայի հավաքականի դեմ և կփորձեն վաղը ավելի հաջող հանդես գալ։


Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն նշել է, որ Հայաստանում Իռլանդիայի ընտրանուն հաղթելը չի նշանակում, թե Իռլանդիայում նույն կերպ կխաղան։


«Պատրաստվել ենք հոգեբանորեն, գիտենք, որ այստեղ մեզ համար շատ դժվար է լինելու։ Իռլանդիայի թիմը պարտվել է և շատ լավ հասկանում է, որ մեզ հաղթելը իր վերջին շանսերից մեկն է լինելու։ Խաղը 100 տոկոսով տարբերվելու է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները այժմ նույն իրավիճակում են, քանի որ վերջին խաղերում պարտվել են։


«Ե՛վ մենք ենք հասկանում, և՛ մրցակիցն է հասկանում, որ այդ երեք միավորը շատ կարևոր է։ Դրա համար էլ վաղը իսկական պայքար կտեսնենք»,- ասել է Մելիքյանը։


Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում վաղը կհյուրընկալվի Իռլանդիային, որին Երևանում հաղթել էր 2:1 հաշվով։

Քաղաքականություն

Պատահարներ