Հայկ Սարգսյանը ընդդիմության արտահերթ նիստին կմասնակցի՞. պատգամավորը պատասխանել է

 Այսօր խորհրդարանական ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից ԱԺ կվերադառնան՝ արտահերթ նիստ անցկացնելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի ընդդիմության նախաձեռնած նիստին։

 

MediaHub.am-ը կապ է հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ՝ ճշտելու՝ փոխվել է նրանց դիրքորոշումը, թե ոչ։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ իրեց հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել։

 

«Ոչ, չեմ գնալու, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, մենք նրանց չենք ուզում կարևորել, իրենց թեմային անդրադառնալ, այդտեղ թեմա չկա մեզ համար»,-ասաց Սարգսյանը և անպատասխան թողեց այն հարցը, թե հնարավո՞ր է համագործակցելու եզրեր գտնեն ընդդիմության հետ։

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները հրապարակել էին փաստաթղթ, որտեղ ամրագրված են հետևյալ կետերը․

•    Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը.

•   Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում.

•    Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու.

•    Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է.

•    Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով.

•    Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը.

•    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը.

•    Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ.

Քաղաքականություն