
Երեւան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորները կազատվեն «օդի տուրքից»

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երեւան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին տեղեկանում ենք hetq.am-ից: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռեւազյանը գտնվում է դեկրետում:
Ինչպես տեղեկացնում է ՔԱԿ-ը, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին եւ 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին):
Իր հերթին հայկական կողմից «Fly One Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:
Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն կապ է ապահովելու «Զվարթնոցի» (EVN) եւ Ստամբուլի նոր օդանավակայանի (IST) միջեւ, որը բացվել է 2018-ին եւ ներկայում այդ քաղաքն սպասարկող գլխավոր օդային դարպասն է (նախկինում Ստամբուլի գլխավոր օդանավակայանը Աթաթուրքի անվան կառույցն էր), ապա «Pegasus»-ը թռչելու է իր բազա հանդիսացող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի (SAW) ու «Զվարթնոցի» միջեւ:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:
Արտոնությունը 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:
Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետեւանքով չիրականացված չվերթերը):
Քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողները դեռ 2014-ի դեկտեմբերից են ազատված «օդի տուրքից», հասկանալի է, որ արտոնությունը վերաբերում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողներին:
Եվ քանի որ «Pegasus Airlines»-ը բավարարում է կառավարության սահմանած պահանջները, այսինքն՝ ձմեռային ընթացիկ սեզոնին կատարելու է շաբաթական 3 կամ նվազագույնը 20 չվերթ Երեւան (EVN)-Ստամբուլ (SAW) ուղղությամբ, դրանով մեկնող ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը համապատասխան հրաման է ստորագրել հունվարի 20-ին։ Նկատենք, որ ՔԱԿ-ն իր կայքում որեւէ տեղեկություն չի հայտնել «Fly One Armenia»-ի կողմից իրականացվելիք Երեւան (EVN)-Ստամբուլ (IST) չվերթի ուղեւորներին արտոնություն տալու մասին:
Հավելենք, որ եթե, ըստ «Pegasus Airlines»-ի ներկայացրած հայտի, դրա չվերթերը սպասարկելու են «Airbus A320», «Airbus A321» եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներ, ապա «Fly One Armenia»-ն օգտագործելու է «Airbus A320» օդանավեր։