Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի գործով նիստ է նշանակվել
Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան։ Վաղը ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում նշանակվել է նախնական նիստ։ Աշխեն Ալեքսանյանի քրեական գործով վարույթը ստանձնել է դատավոր Անի Դանիելյանը։
Մեղադրական համառոտ եզրակացության համաձայն, Աշխեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի փետրվարի 14-ից համացանցային շփումների միջոցով ծանոթացել, այնուհետև արտերկրում անձնական հանդիպումների ժամանակ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձի կողմից և, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական գործառությունների համակարգման վարչության արտաքին քաղաքականության փոխգործակցության ապահովման և դիվանագիտական առանձին գործառությունների համակարգման բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնը, ի պաշտոնե հասանելիություն ունենալով առնչվելու ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը, լրտեսության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը ծանոթանալու համար պայման ստեղծելու եղանակներով, ընդհանուրը 34.000 եվրո գումարի դիմաց Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին է հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ:
Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանը կալանավորվել է դեռ ամռանը, սակայն դավաճանության դեպքի մասին հայտնի դարձավ միայն մամուլի հրապարակումից հետո։ ՔԿ-ն ստիպված էր հայտնել, որ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված հանցագործությանը այլ անձանց, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ այլ աշխատակցիների մասնակցության, ինչպես նաև նշված աշխատակցին աջակցելու կամ օժանդակելու վերաբերյալ, հետևաբար, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե նշված աշխատակիցը չի գործել միայնակ, չի համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ապշելու և հպարտանալու շարքից է կին զինծառայողների սխրանքները
Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն։ Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ։ Նման ապշելու և հպարտանա...
Հայտնի է, թե որ օրերին Երևանի կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև....
Շենգենյան գոտու անալոգը կարող է հայտնվել Հարավարևելյան Ասիայում. Bloomberg
Շենգենյան գոտու անալոգը կարող է հայտնվել Հարավարևելյան Ասիայում: Այս գաղափարն առաջ է քաշում Թաիլանդի վարչապետ Սեթթա...
ՀՀ ՄԻՊ-ը սթափության կոչ է անում բոլորին և առաջարկում առաջնայինը երկրորդականից տարբերել
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությ...