
Ջերմատնային ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը չի դադարեցվի. Պապոյան

Առաջարկվում է ջերմատնային ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակել նոր պայմանով, այն է՝ 2 տոկոս սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ 2023-ի հուլիսին Կառավարությունը հաստատել էր ջերմատնային տնտեսությունների զարգացմանն աջակցության ծրագիրը՝ որպես արդյունքային ցուցանիշ սահմանել 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը: Այսօրվա դրությամբ արդեն իսկ կա 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքներն ընթացքի մեջ են: Ըստ այդմ՝ Կառավարության սահմանած թիրախը ոչ միայն կատարվել է, այլև կրկնապատկվել է:
«Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոոկսային կետով, տրամադրվող վարկի 3-9 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավելի՝ մինչև 15 մրլդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով:
Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է»,- ասաց նա: