
Իսրայելը արձագանքել է Իրանի դեմ պատասխան պատժամիջոցների վերականգնմանը

Իսրայելը ողջունել է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ այսօրվա «պատասխան պատժամիջոցների» վերականգնումը՝ այն որակելով որպես «կարևոր իրադարձություն», նշված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Times of Israel-ը։
«Սա կարևոր քայլ է՝ ի պատասխան Իրանի շարունակական խախտումների, հատկապես նրա ռազմական միջուկային ծրագրի շրջանակում։ Նպատակը հստակ է՝ կանխել միջուկային զենքով զինված Իրանի ի հայտ գալը։ Աշխարհը պետք է օգտագործի բոլոր միջոցները այդ նպատակին հասնելու համար», – նշված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ը շաբաթ օրը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն և այլ պատժամիջոցներ՝ երեք հիմնական եվրոպական պետությունների նախաձեռնած գործընթացի արդյունքում։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են պատժամիջոցների վերականգնումը՝ Իրանի հասցեին հնչած մեղադրանքների հիման վրա, ըստ որոնց՝ երկիրը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը, որի նպատակն էր դադարեցնել միջուկային ռումբի մշակումը։
Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել և դատապարտել է պատժամիջոցների կիրառումը՝ դրանք որակելով անօրինական։