
Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելքը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի և մյուսների դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը բավարարել է Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը և վերացրել է նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։
Նշենք, որ ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը։
Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր և ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սևանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։ Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդության հիմքում ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունն էր Արծվիկ Մինասյանին գործուղելու Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա մասնակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը, որը կկայանա հոկտեմբերի 11-18-ը։
Մեղադրող դատախազը նշել է, որ այս պահին շարունակում են առկա լինել խափանման միջոցի կիրառման համար ռիսկերը ու հայտարարեց, որ անհրաժեշտ է կիրառել գրավ՝ հինգ միլիոն դրամ, որը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում։
Արծվիկ Մինասյանը վիրավորական է համարել իր համար գրավ սահմանելու առաջարկը։
«Գրավ կիրառելը ես` որպես մեղադրյալ, չեմ ընդունում, մերժում եմ և համարում եմ, որ սա նվաստացուցիչ առաջարկ է, վիրավորանք է նաև օրենսդիր մարմնի՝ առաջնային մանդատով օժտված մարմնի ներկայացուցչի նկատմամբ։ Ո՛չ իմ անցյալը, ո՛չ էլ իմ գործունեությունը չեն տալիս նման առաջարկ անելու տեղիք։ 2017 թվականին առաջին անգամ հարցաքննվելով այս գործի շրջանակում որպես վկա՝ ես շարունակել եմ, մնացել, մնում եմ այն տեսակետին, որ սա շինծու գործ է»,–ասել է Մինասյանը։
Դատարանը որոշել է վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը ու հիմնավորեց, որ այս պահին փախուստի դիմելու հավանականություն չի տեսնում։