
Ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են․Վարդան Ղուկասյան

Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին: Այս մասին որդու դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ի՞նչն է պատճառը, որ այսքան այս ժողովրդի վրա գործեր են հարուցում: Նախկին քաղաքապետերի 99 տոկոսը դատվում են: Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են»,- ասել է Ղուկասյանը:
Անդրադառնալով որդու գործին` Ղուկասյանը նշել է, որ երբ որդին գնացել է Սրբազանի դատին, ինքն ասել է՝ անպայման կկալանավորեն:
«Դատարանից հույս չկա, բայց ես միանշանակ հավատում եմ Աստծո դատաստանին: Ես մի բան գիտեմ՝ յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր դատաիրավական ոլորտի ներկայացուցիչ, եթե իրենց հանձնարարական են տալիս, իրենք պետք է ասեն՝ սա անելու բան չէ, ոնց անենք: Կփոխվի այդ ամեն ինչը, հետո ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, դուք Աստծուց չե՞ք վախենում: Օրենքը պահե՛ք, ճշմարտությամբ առաջնորդվե՛ք»,- նշել է նա:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ նման քայլերով կստիպեն, որ հրաժարական տա, Ղուկասյանն ասել է. «Ուրեմն ես այդ տեսակը չեմ, ես այդքանը գիտեմ, վախեցողներից չեմ, ինչ ուզում է անեն, տղամարդու բան է, առաջ Աստված, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ»: