
Կեղեքելու փորձ` թալան. Ինչո՞ւ է ՀԴՄ-ների սպասարկման գինը երկու անգամ թանկացել

Վերջին օրերին Auroranews-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀԴՄ սպասարկման ծառայության գնի կտրուկ բարձրանալու վերաբերյալ: Մասնավորապես, ՀԴՄ սպասարկող 7 ընկերություններ առանց որևէ հիմնավորման սպասարկման վարձը թանկացրել են միանգամից երկու անգամ` 1800 դրամի փոխարեն սահմանելով 3600 դրամ: Մասնագետների պնդմամբ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան գերշահույթ ստանալու նպատակով քաղաքացիներին կեղեքելու փորձ` թալան:
Բարձրացած աղմուկի ֆոնին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը օրեր առաջ 288 828 000 դրամով տուգանել է ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար: Ավելի ստույգ, հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։
Ի դեպ, ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը։
Auroranews-ը փորձել է կապ հաստատել վերոնշյալ ընկերությունների հետո, սակայն մեր հարցադրումները ըստ էության մնացին անպատասխան: Մասնավորապես, 4 ընկերություններ խոստացան ավելի ուշ պարզաբանել թե ինչով է պայմանավորված սպասարկման գնի 100 տոկսով թանկացումը: Պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք ընթերցողին:
Ի դեպ խնդրին անդրադարձել է նաև ԱԺ Քաղաքացիական խմբամցության պատգամավոր Բաբկեն Թունյանը. «Դեռ անցած տարվանից տնտեսավարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները գրեթե միաժամանակ կտրուկ բարձրացրել են գները:Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան՝ նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը, կդադարեցնեն չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, կտուգանվեն 288.8 միլիոն դրամով»,- Ֆեյսբուքում գրել է Թունյանը: