235 անձից վերցվել է պարգև տրված զենքը․ «Հետք»

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը 235 անձից վերցրել է պարգևատրած զենքերը՝ հետագա ընթացքը որոշելու համար։ Նրանք ժամանակին չեն ներկայացրել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան հավաստագիր։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ 


2022թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենք ընդունեց: Անցումային դրույթներում նախատեսված է, որ նախկինում զենքով պարգևատրվածները պարտավոր են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ներկայացնել վերը նշված բժշկական փաստաթղթերն ու անվտանգության կանոնների իմացության հավաստագիրը, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը պարգևատրած զենքերը կվերցնի, կդարձնի գործածության համար ոչ պիտանի և կվերադարձնի սեփականատերերին:


Ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանից ևս վերցրել են պարգևատրություն ստացած «Մակարով» տեսակի ատրճանակը: Հ. Քոչարյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ այդ զենքը երբեք չի գործածել, սակայն իր համար կարևոր նշանակություն ուներ: Նշել է, որ երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում և պարգև ստացած զենքը համակարգից մնացած հուշ էր:


«Ես փորձեցի բարեխղճություն դրսևորել և օրենքով նախատեսված պարտավորությունը կատարել: Ասեմ, որ օրենքի նման կարգավորումներն, իմ կարծիքով, հակասահմանադրական են, սակայն ուզում էի հիշողություն դարձած զենքը պահել: Պարզվեց, որ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն անցնելը լուրջ պրոբլեմ է: Armed-ում պետք է հրաման կախվի, հետո գնաս մեզի անալիզ հանձնես, փորձաքննություն արվի: Այսինքն՝ չեն բավարարվում, որ դու նարկոլոգիական հաշվառում չունես, այլ լրացուցիչ գործողություններ պետք է անես, որի ընթացակարգը բացարձակ անորոշ է: Միակ բանը, որ հստակ էր, զենքի օգտագործման քննություն հանձնելն էր, որը հանձնել եմ»,-ասում է Հովհաննես Քոչարյանը:


Լրատվամիջոցը կապ է հաստատել մի շարք այլ անձանց, նախկին պաշտոնյաների հետ, որոնք պարգև ստացած զենք ունեն, սակայն նրանք հրաժարվել են խոսել։


Մանարամասները՝ սկզբնաղբյուր կայքում։  

Քաղաքականություն