
Վարորդական իրավունք ստանալու հեշտացված համակարգ կգործի

Եթե քաղաքացին, պայմանականորեն, Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում է հանձնում վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, ապա պարտավոր է գործնական քննությունը ևս հանձնել նույն տարածքային ստորաբաժանումում: Դա, քաղաքացիների արդարացի պնդումներով, շատ հաճախ չի ապահովում ճկունություն, խոչընդոտում է օր առաջ գործնական քննություն հանձնելու գործընթացին: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նոր կարգավորումը:
«Ըստ այդմ՝ այս կանոնը դուրս է բերվում, այսինքն՝ մեր քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե, պայմանականորեն, տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և իրենց հարմար մոտակա օր կա հասանելի, պայմանականորեն, Շիրակի մարզի ստորաբաժանումում, ապա կարող են ազատորեն քննության համար գրանցվել տվյալ մարզում»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ սա կնպաստի հերթերի կուտակումների նվազմանը կոնկրետ ստորաբաժանումներում, որոնք մշտապես ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում, այն է՝ փոփոխության արդյունքում կբալանսավորվեն հերթերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է քննությունների կրթական բաղադրիչն արտապատվիրակելու հարցը, որպեսզի ոչ թե լավարկվի գործընթացը, այլ ուղղակի արտապատվիրակվի, որպեսզի մարդը կրթություն ստանալու վկայականով գա, քննություն հանձնի և ստանա վարորդական վկայական:
Ըստ ՆԳ նախարարի՝ հաշվառման քննական ստորաբաժանումների վերափոխման հայեցակարգն արդեն պատրաստ է, այն ենթադրում է լիցենզավորված ընկերություններ ունենալ, որոնք, նախարարության մշակած քաղաքականությանը համապատասխան, կտան կրթություն, կապահովեն կրթական գործընթացը, և կրթական համապատասխան վկայական ունեցող անձը միայն կկարողանա հաջորդիվ մասնակցել տեսական և գործնական քննությանը:
«Այս պահին հանրապետությունում ունենք մի շարք ավտոդպրոցներ, որոնք, անկախ գործող կարգավորումներից, կարողանում են քաղաքացիներին համանման ծառայություններ մատուցել և պատրաստել տեսական ու գործնական քննության: Բայց պիտի փաստեմ, որ սա այն դաշտն է, որը կարագավորման տեղ ունի, և եթե մենք հանրային անվտանգության մեր ստանդարտին համապատասխան պրոցես ենք պատկերացնում, ուզում, ձգտում տեսնել, այս դաշտը ևս պիտի կարգավորված լինի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս պահին աշխատում են նաև մասնավորի հետ՝ սահմանելու ոլորտը կարգավորող համապատասխան պահանջները: