
Սոնա Մնացականյանի հոր համար անհասկանալի է Փաշինյանի՝ ավտոբուսում նստած ուղևորի հետ համեմատությունը

Փաշինյանը ներողություն է խնդրել ինձնից, ցավակցել է իմ վիշտը, բայց այն, որ համեմատում է ավտոբուսում նստած ուղևորի հետ, ես բացարձակ չեմ հասկանում այդ մոտեցումը. Սոնա Մնացականյանի վրաերթի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հղի կնոջը վրաերթի է ենթարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ վարչապետի շարասյունը։
«Դե ինքը այդպես է մտածում։ Չեմ կարող ասել` ինչու է տենց մտածում: Դա էլ դուք հասկացեք՝ էդ ոնց եղավ, որ այդպես է մտածում»,–ասել է նա։
Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարու՞մ է՝ Մնացականյանը պատասխանեց, որ դատարանը պետք է որոշի, թե ով է մեղավոր։
Մնացականյանը պնդեց, որ այստեղ պետական անփութության հարց է. «Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով»։
Անդրադառնալով այն փաստին, որ Սոնային վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ Մնացական Մնացականյանն ասել է.
«Ապացուցված է, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, այսինքն՝ միջոցներ չի ձեռնարկել վթարը կանխելու համար, միանշանակ մեղավոր է։ Միայն ինքը չի մեղավորը։ Մենք այլ անձանց վերաբերյալ էլ ենք բողոքներ ներկայացրել։ Եթե ճանապարհը ժամանակին փակեին, դեպքը տեղի չէր ունենա։ Ասում են՝ ձայնագրությունները չկան, փչացել են, կարելի՞ է ամեն հարցում այդքան անփույթ գտնվել»։