Մալուխ Սև ծովի հատակով․ Հայաստանը որոշել է անցկացման նախագծի ձևաչափը

Հայաստանը որոշել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին իր համար ընդունելի մասնակցության ձևաչափը։ Այս մասին է վկայում ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատասխանը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ադրբեջանը և Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էլեկտրամալուխի նախագիծը, Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը պաշտոնական հետաքրքրություն է հայտնել դրա նկատմամբ միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։

Նախարարությունում ընդգծել են, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը, հատկապես իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի նախագծերի համատեքստում, ինչպիսիք են Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ուղղություններով 400 ԿվՏ հզորությամբ էլեկտրահաղորդման գծերը:

Գերատեսչությունում ընդգծել են, որ հայկական կողմը բազմիցս իր հետաքրքրվածությունն է արտահայտել Վրաստան-Ռումինիա ծովի հատակով անցնող մալուխի կառուցման ծրագրին մասնակցելու առնչությամբ և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ է կատարել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով:


Քաղաքականություն