
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։
Փոխադարձաբար համաձայնվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։