Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանավորումը. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանավորումը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:


«Այն որոշումը, որը կայացրել էր քննիչը, այլևս ոչ իրավաչափ է, բայց ձերբակալման մասով: Ցավոք, ես նկատել եմ, որ մեր հայրենակիցներից շատերը ձերբակալումը մեկնաբանել են նաև կալանքի ինստիտուտի հետ: Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն կալանքը դեռ առկա է: Կալանք, որը կիրառվում է 50 օրից ավելի, որը որևէ իրավական հիմք չի ունեցել ի սկզբանե: Ցանկացած ժողովրդավարական հասարակությունում այս կալանքը բնականաբար այլևս վերացված էր լինելու, բայց ունեմ կասկած, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու:


Բայց ի՞նչն է կարևոր, որ այս կարճ ժամանակահատվածում երկու փաստ եմ ուզում առանձնացնել, որոնք նույնիսկ Հայաստանում առկա իրավական, դատական համակարգում խնդիրների այլևս արձանագրված են. Սամվել Կարապետյանի ձերբակալումը և նրա տան խուզարկությունը եղել են ոչ իրավաչափ: Այս երկու փաստերն այլևս հաստատված են Վերաքննիչ քրեական դատարանի տարբեր դատավորների կողմից, բայց եթե Վերաքննիչ քրեական դատարանում ոչ թե Արմեն Դանիելյանը լիներ այն դատավորը, որը պետք է քննության առարկա դարձներ կալանքի դեմ մեր ներկայացրած Վերաքննիչ բողոքը, ապա համոզված եղեք, որ կունենայինք իրավիճակ, որ այդ խայտառակ, ապօրինի կալանքի որոշումը վերացված էր լինելու: Բայց քանի որ Արմեն Դանիելյանն էր այն դատավորը, որին «պատահաբար» մակագրվել էր մեր բողոքը, ունեցանք այն, ինչ դեռևս ունենք»,- ասաց Արամ Վարդևանյանը:


Վերջինս հավելել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացվի: «Եթե քննիչը նման միջնորդություն ներկայացնի դատարան, ապա այդ հարցը պետք է լուծի դատարանը: Հույս ունենանք, որ այս իրավիճակում իրավունքը կգերակայի, իսկ ապօրինությունը՝ կստորադասվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:


Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Լիաննա Գասպարյանն այսօր հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:


Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանքը դատարանի կողմից կիրառվող խափանման միջոց է և նախնական քննության փուլում չի կարող տևել ավելի քան 2 ամիս, իսկ ձերբակալությունը՝ կարճաժամկետ ազատազրկում է, որը չի կարող տևել ավելի քան 72 ժամ։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։

Քաղաքականություն