Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտնվել են երիտասարդի մարմնից մասունքներ

Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտնվել է Իշխան Աբրոյանի մարմինը։


«2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից մեզ շատ հարազատ մարդիկ` Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը խեղդվել էին Սևանա լճում։


Ավետիք Սևոյանի մարմինը երկար որոնումներից հետո գտնվեց, սակայն Իշխանի մարմինն արդեն երրորդ տարին էր՝ չէր գտնվել։


Մի քանի օր առաջ պատահական գտել են Իշխանի մարմնից մասունքներ ու դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մարմինը Իշխանինն է։


Սիրելի՛ վարդենիկցիներ, գիտեմ՝ ինչքան էիք մտահոգվում այս դժբախտ դեպքի պատճառով, հիմա արդեն հանգիստ կլինենք, որ գտնվել է Իշխանի դին ու վերջապես նրա հարազատները հանգիստ կարող են քնել։


Ե՛վ ցավակցում ենք, և՛ ուրախ ենք, որ գտնվեց մեր եղբոր մարմինը»,- այս մասին հայտարարել է Վարդենիկ գյուղից Արտուշ Խաչատրյանը։


Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 8:40-ի սահմաններում, ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սևանա լճում դի կա։


Դեպքի վայր էին ժամանել իրավապահները, տեղում պարզվել էր, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։


Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Քաղաքականություն