
Կոբախիձեն հույս ունի` Թրամփը կվերանայի քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցները, որոնք սահմանել են Միացյալ Նահանգների նախորդ իշխանությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ այն մոտեցումները, որոնք կային ԱՄՆ նախորդ վարչակազմի պայմաններում, արմատապես կվերանայվեն, այդ թվում կվերանայվի պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», - ասել է Կոբախիձեն լրագրողներին։
Պետքարտուղարությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետը նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ-ի կողմից բոլոր բյուջետային դրամաշնորհներից։
2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Մագնիտսկու ակտի շրջանակներում պատժամիջոցների ցանկում է ներառել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Վրաստանի ՆԳՆ հատուկ գործերի բաժնի նախկին փոխտնօրեն Միրզա Կեզևաձեին։ ԱՄՆ իշխանությունների վարկածով՝ Գոմելաուրին և Կեզևաձեն ներգրավված են եղել «ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներում, այդ թվում՝ 2024 թվականի ցույցերի ժամանակ»: