
Փաստ է, որ Հայաստանը համաձայնում է զիջել իր ինքնիշխան տարածքի մի հատված․ Օսկանյան

Նշանակություն չունի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տնօրինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով կամ ինչ դիվանագիտական փաթեթավորմամբ է ներկայացվելու։ Փաստն այն, որ Հայաստանը համաձայնում է ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Շեշտում է՝ արդեն մի քանի տարի շարունակ միջանցքի թեման Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։
«Այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն Վաշինգտոնի միջնորդությունն այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ ես զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում»,- գրում է Օսկանյանը։
Երկարամյա դիվանագետը պնդում է՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին տեխնիկական քննարկումների միջոցով Հայաստանը ներքաշվում է մի թակարդի մեջ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը, այլ ոչ թե պե՞տք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքն արդեն խախտված է։
«Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը (ըստ Օսկանյանի՝ այսօր նախատեսվող համաձայնագիրը կարող է անվանվել «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) –խմբ․), որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները»,- գրում է Օսկանյանը։
Նա հիշեցնում է՝ Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Վստահ է, որ գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցություններն առաջ մղելու համար։ Միաժամանակ Օսկանյանը հարց է տալիս՝ ի՞նչ տեսակ խաղաղություն է սա, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է, ըստ Օսկանյանի՝ այդ «չեզոքությունն» իմաստազրկվում է, երբ, ըստ էության, Ադրբեջանի պահանջն է կատարվում։
«Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի միջանցքի», ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի միջանցք» Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով»,- ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։