
Իրանի ԱԳՆ-ն՝ կոչ է արել Արևմուտքին․ ահաբեկիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արված համատեղ հայտարարությունն, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ:
«Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը ստորագրած մյուս երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքը խախտելու և ահաբեկչությանը աջակցելու համար, որը դրսևորվում է ահաբեկիչներին և ծայրահեղականներին օգնելով, ինչպես նաև նրանց իրենց տարածքում ապաստան տալով», - ասել է Բաղային։
Դիվանագետը հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են շեղել աշխարհի ուշադրությունը սեփական հանցագործություններից՝ Թեհրանի դեմ «անհիմն և անհեթեթ» մեղադրանքներ առաջադրելով։
Հավելենք՝ ավելի վաղ Ավստրիայի, Ալբանիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն տարածեցին, որում մեղադրեցին Իրանի հետախուզական ծառայություններին իրենց տարածքում ենթադրաբար «սպառնալիքների աճի» համար և նման գործողությունները անվանեցին իրենց ինքնիշխանության խախտում։
Փաստաթուղթը պարունակում է մեղադրանքներ իրանական հետախուզության կողմից Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մարդկանց նկատմամբ սպանության փորձերի, առևանգումների, խոշտանգումների և հետապնդումների մասին՝ առանց Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից իրականացված անօրինական գործողությունների կոնկրետ օրինակներ բերելու։