Կարապետյանը հույս ունի՝ իշխանությունները կկատարեն Ստոկհոլմի դատարանի վճիռը

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հույս ունի, որ իշխանությունները կկատարեն Ստոկհոլմի դատարանի վճիռը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված։


«Միջազգային դատարանի որոշումները չեն կատարում հետադիմական և տոտալիտար երկրները»,- ասել է Կարապետյանը լրագրողների հետ այսօրվա զրույցում։ 


«Չեմ կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որը կնշանակի վճիռը չկատարել։ Դա կլինի մեծ խնդիր ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության համար, ինչը կարող է վնասել երկրի վարկանիշին և առաջացնել մի շարք այլ խնդիրներ։ Ինձ թվում է՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը, վաղ թե ուշ, պետք է համաձայնի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չհայտնվի նոր մարտահրավերների առջև», – հավելել է Կարպետյանը։


Հիշեցնենք՝  Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը և ընթացակարգերը։

Քաղաքականություն