
ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ–ի հետ կապված իր որոշումների պատճառով դատվելու մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի վախենո՞ւմ, որ հետագայում կարող է դատվել ՀԷՑ–ի հետ կապված իր որոշումների համար, ասել է, որ նա այն մարդն է իր կենսագրությամբ, որ եթե զգար, որ իր խղճի դեմ որևէ քայլ է կատարում, նա երբեք դրա տակ չէր մտնի:
Դիտարկմանը, որ շատերը իրեն մեղադրում են քաղաքական հրահանգ կատարելու մեջ, նա ասել է.
«Այդ մարդիկ սխալ գնահատական են հնչեցնում, ես քաղաքական հրահանգներ չեմ կատարում, ես Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքներով ինձ տրված բացառիկ լիազորությունների շրջանակում կատարել եմ գործողություններ։ Այդ գործողությունների հետ որոշակի հիմնավոր կասկածներ ես ևս ունեմ, բայց այդ մասին այս պահին ավել բան ասել չեմ կարող, որովհետև վարույթ կա հարուցված, և այդ հարցերի հիմնավոր ապացուցողական պատասխանները կլինեն վարույթի ավարտից հետո»։
Վերջինս նաև խոսել է ՀԷՑ-ում Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունների մասին:
«ՀԷՑ–ը եռաշերտ կառավարում ունի՝ բաժնետերերի ժողով, տնօրենների խորհուրդ և գործադիր մարմին։ Ռոմանոս Պետրոսյանը, ըստ էության, այս պահին հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավար։ Բայց մի կարևոր բայցով, ընդունված նոր օրենքի համաձայն թե բաժնետերերի ժողովը, թե տնօրենների խորհուրդը որևէ գործողություն իրավունք չունի անելու առանց համաձայնեցնելու ժամանակավոր կառավարչի հետ»,- ասել է նա։