
Նեթանյահուի դատը կրկին հետաձգվել է

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը, այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։
Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով, ուստի նրան հրամայվել է մնալ տանը հաջորդ երեք օրերի ընթացքում։ Վարչապետի փաստաբան Ամիթ Հադադը միջնորդություն է ներկայացրել լսումները հետաձգելու համար։
Ինչպես նշում է թերթը, գլխավոր դատախազի գրասենյակը համաձայնել է, բայց առաջարկել է լսել Նեթանյահուի ցուցմունքը հուլիսի 23-ին և 24-ին։ Սակայն, մյուս լսումների հետ հակասության պատճառով, դատարանը որոշել է չեղարկել վարչապետի ցուցմունքը հաջորդ շաբաթ։ Հուլիսի վերջին Իսրայելի դատարանները գնում են ամառային արձակուրդի, ուստի Նեթանյահուի գործով լսումները հետաձգվել են մինչև սեպտեմբեր։
Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել է Նեթանյահուին կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով երեք գործով մեղադրանք առաջադրելու որոշման մասին։ Վարչապետը բազմիցս հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։ Մեղադրական եզրակացությունները ներկայացվել են Երուսաղեմի շրջանային դատարան 2020 թվականի հունվարի 28-ին։