
Հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված օտարման արգելքը՝ 2021 թվականի ընթացքում կազմակերպած աճուրդ-վաճառքով 13 միավոր, ընդհանուր՝ 9,5 հա մակերեսով արոտավայրերն օտարել է տարբեր անձանց, որով էական՝ շուրջ 142․694․213 ՀՀ դրամի վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, անձնական այլ դրդումներից ելնելով, 2021 թվականի փետրվարի 16-ին կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է տեղեկանքներ այն մասին, որ Նոր Խարբերդ համայնքի տարածքում գտնվող 5 հողամասերը չեն դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի շարքին և ենթակա են մասնավորեցման, մինչդեռ դրանք հանդիսացել են օրենքով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողեր։
Նոր Խարբերդ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկվել է «Դատախազության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով քննարկել սույն քրեական վարույթով հաստատված` օրենքի խախտմամբ օտարված անշարժ գույքերի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: