Հայաստանում Իրանի դեսպանը՝ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունների մասին

Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ «Արմենպրեսս»-ի հետ զրույցում բ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:


Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։


Դեսպանը նշել է, որ այդ հայտարարությունն ընդամենը արտացոլում է գագաթնաժողովի նախագահի տեսակետները, և պարտադիր չէ, որ դա արտացոլի գագաթնաժողովի մասնակից երկրների դիրքորոշումները։


«Ինչպես մենք մեր դիրքորոշումը արտահայտեցինք Ստամբուլում վերջերս հրապարակված Իսլամական պետությունների համագործակցության հայտարարության վերաբերյալ, այս հայտարարության մեջ ներառված որոշ դրույթներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները, հակասում են բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն։


Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների գործընթացին և կարևորում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի դրույթները հաստատվել են երկու կողմերի կողմից։


Մենք պաշտոնական գրությամբ մեր վերապահումները հայտնել ենք «Տնտեսական համագործակցության կազմակերպությանը» այս հայտարարության վերաբերյալ»,- ասել է Մեհդի Սոբհանին։



Քաղաքականություն