
Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։
Ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։
Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն «քննարկումները խափանվեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա՝ 2023 թվականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո», գրում է Քարնեգիի վերլուծաբանը։
Տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը՝ «Միջին միջանցքը», որը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով, ինչն ահռելի նշանակություն է ստացել հատկապես Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Այդ ճանապարհի մի մասը տեսականորեն կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետև Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ հետաքրքրություն ու շահեր ունի։
Բաքուն ընդհանուր առմամբ չի առարկում: Միաժամանակ, Ադրբեջանը պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կկապի իր անկլավի՝ Նախիջևանի հետ:
Այս նախագիծը, Բաքվի ձեռամբ ներառվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի վերաբերյալ՝ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ փաստաթղթում, որը ենթադրում էր Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարմանը»։